Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, թր Ռուսաստանը բաց է թողել Լեռնային Ղարաբաղը կարգավորելու հնարավորությունը:
«Ես միանգամայն համոզված եմ, որ ռուս-վրացական պատերազմը չի մոտեցրել ո´չ ԼՂ, ո´չ Մերձդնեստրյան հակամարտությունների լուծումը»,- նշել է Վենեդիկտովը:
Ըստ նրա` ռուսական բազայի ամրապնդումը Հայաստանում դրդում է Ադրբեջանին ավելի սերտ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ:
«Եվ այստեղ մենք վերադառնում ենք այն նույն հարցին, թե որն է հանրային օգուտը տարածաշրջանի համար` որպեսզի Ադրբեջանը անդամագրվի ՆԱՏՕ՞-ին, որպեսզի այնտեղ կառուցվի նատօյական բազա՞: Ինչի՞ն այդ ամենը կհանգեցնի: Ասենք, օրինակ, ռուսական բազան Հայաստանում և ՆԱՏՕ-ի բազան Ադրբեջանում. ինչի՞ն դա կհանգեցնի` կայունացմա՞ն, թե՞ հակամարտության: Իսկ ո՞վ կարող է ասել: Հնարավոր է` այսօր կայունացման կհանգեցնի, իսկ երկու տարի անց` հակամարտության…կամ ընդհակառակը»,- մեկնաբանել է Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիրը:
Լրագրողի կարծիքով` ցանկացած տարածքային հակամարտություն կարգավորումը փախստականների հարցի լուծումն է:
«Միայն պատկերացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում փախստականների սեփականության իրավունքը: Օրինակ` Հյուսիսային Կիպրոսը: 36 տարի է անցել, և նոր-նոր որոշել են, որ անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր շինություն և վճարել դրա շուկայական գինը: Դա նույնիսկ Եվրամիությունը չի ձգի: Կարևորն այն է, որ կա տուն, որտեղ չեն կարող վերադառնալ դրա սեփականատերերը: Եվ նրանց երեխաներն ու ծոռները կհիշեն այդ մասին, եթե այդ հարցը չկարգավորվի: Նույնը և Իսրայելի ու Պաղեստինի դեպքում: Դա՞ եք ուզում: Առաջին քայլը պետք է լինի այն, որ մարդիկ փոխհատուցում ստանան` կամ վերադառնալով իրենց բնակման վայր, կամ համաձայնեցված փոխհատուցում ստանան կորցրածի դիմաց: Առանց դրա ոչինչ և երբեք չի ստացվի»,- եզրափակել է Ալեքսեյ Վենեդիկտովը: