Home / Հայաստան / Վանում Թուրքիայի հայերն ասացին. «Մենք ապրում ենք այս հողում»

Վանում Թուրքիայի հայերն ասացին. «Մենք ապրում ենք այս հողում»

Պատարագը հատուկ քաղաքական կետ էր ինչպես հայ-թուրքական, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Epress.am-ի հետ զրույցում Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի մասին է զրուցել Ստամբուլում լույս տեսնող հայ-թուրքական «Ագոս»  թերթի խմբագիր Արիս Նալջին:

«Իհարկե, Թուրքիայի կառավարությունը փորձելու է օգտագործել այս իրադարձությունը: Սակայն մենք պետք է անեինք այս քայլը: Խնդիրն այն է, որ մենք նույնպես կարող ենք օգտագործել այն:  Թուրքիայի բոլոր հայերի համար, ովքեր մասնակցեցին պատարագին, դա հնարավորություն էր ասել` մենք այստեղ ենք: Սա չափազանց կարևոր էր թե Թուրքիայի, թե այս երկրում ապրող հայերի համար, քանի որ մենք ստիպեցինք մարդկանց գիտակցել, որ մենք հայ ենք մնում, ովքեր խոսում են իրենց իրավունքների մասին և պահանջում դրանք», – նշել է Արիս Նալջին:

Նա մի հատված է մեջբերել  հարցազրույցից, որը տվել է թուրքական լրատվամիջոցներին Աղթամար կղզում:  Այն մարդկանց, ովքեր իրեն ասում էին «Բարի գալուստ», նա պատասխանում էր. «Բարի գալուստ իմ երկիր»` ընդգծելով, որ հայերը մինչ այսօր շարունակում են ապրել Թուրքիայում, և այդ փաստը հնարավոր չէ անտեսել:

Ավելի հանգամանալից անդրադառնալով պատարագի քաղաքականացման թեմային` «Ագոսի» խմբագիրը նշել է, որ «մենք բոլորս գիտեինք, որ իշխանությունները պետք է պատարագը ներկայացնեն որպես որոշակի շոու»:

«Սակայն մենք նույնպես հնարավորություն ունեինք դա օգտագործել մեզ համար: Ստացվում է, որ եթե մենք հրաժարվում էինք մասնակցել, մենք հրաժարվում էինք օգտագործել այդ հնարավորությունը: Իմ կարծիքով` եթե դու ցանկանում ես ստանալ քո իրավունքները, պետք է փորձես վերցնել դրանք: Ոչ ոք քեզ չի տա քո իրավունքները, եթե դու ավելին չպահանջես: Եթե մենք ասում ենք` վերադարձրեք մեր եկեղեցին, մենք պետք է գնանք և վերցնենք այն», – ասել է Արիս Նալջին: