Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի նախագահ Ժան-Մարի Սանդերին:
Նախագահը բարձր է գնահատել «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ»-ի մասնակցությունն ու ներդրումը Հայաստանի բանկային համակարգում` նշելով, որ բանկն էական մասնակցություն ունի մեր տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության զարգացման գործում:
«Կարծում եմ` մի կողմից շատ լավ ֆինանսական ներդրում եք կատարել, մյուս կողմից էլ` նոր մշակույթ ներմուծել մեր ֆինանսական շուկա, ինչը չափազանց կարևոր է մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Ժան-Մարի Սանդերը նշել է, որ բանկը մեծ սիրով և պատասխանատվությամբ է իր գործուն մասնակցությունն ունենում Հայաստանի տնտեսության զարգացմանը` առաջնահերթություն տալով գյուղատնտեսության ոլորտին, այնուհետ`գյուղական տարածքների զարգացմանը, իսկ հետագայում նախատեսում է նաև իր գործունեությամբ նպաստել, ընդհանուր առմամբ, երկրի զարգացման գործին:
Ժան-Մարի Սանդերի խոսքով` «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ»-ը, բացի ֆինանսատնտեսական համագործակցությունից, իր ներդրումն է բերում նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում: Իբրև օրինակ, նա նշել է անցյալ տարի բանկի հովանավորությամբ Ֆրանսիայում անցկացված Կոմիտասի 140-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանում «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի հետագա գործունեության առավել աշխուժացման և ընդլայնման համար, ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: