Հանրապետությունում ներկայումս գոյություն ունեն քաղաքացիներին պատկանող հաշվառված 45 822 միավոր զենք, որից 3683` որսորդական ակուսափող, 33 648` որսորդական ողորկափող, 2011` պարգևատրական, 6233` գազային և 72 հավաքածու` 247 զենքերով:
«Զենքի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի վերաբերյալ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:
«2010 թվականի ընթացքում քաղացիներին տրվել է 2812 զենք ձեռքբերելու թույլտվություն», – տեղեկացրել է ոստիկանության գնդապետը:
Նա նշեց, որ գործող օրենսդրության համաձայն, քաղաքացիական զենքի տեսակներ ձեռքբերելու իրավունք ունի 18 տարին լրացած քաղաքացին: Նշենք, որ քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է ինքնապաշտպանական, որսորդական և սպորտային տարատեսակների:
Բացի այդ, ՀՀ քաղաքացին կարող է ունենալ 3 միավոր ակուսափող և 5 միավոր ողորկափող հրազեն: Ավել քանակությունը կարող է համարվել հավաքածու, որտեղ զենքի միավորի սահմանափակում չի դրվում, տեղեկացրել է Մեհրաբյանը:
Հարցին, թե ինչ տեսակի զենք ունեն Հայաստանում գործող թիկնազորները` ի դեմս ԱԺ պատգամավորների, Մեհրաբյանն ասաց, որ «պետական մարմինների պաշտոնական անձանց տրվում է զենք կրելու թույլտվություն: Ազգային ժողովի պատգամավորները իրավունք ունեն ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար հրազեն ստանալ»:
««Թիկնազոր» իրավաբանական հասկացություն չկա, և որպես հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձ թիկնազորի մեջ ներգրավված անձինք զենք ունենալ չեն կարող», – հայտարարել է Մեհրաբյանը: