Հայ-թուրքական սահմանի փակ լինելը վնաս է հասցնում ողջ տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, հաղորդում է АРКА գործակալությունը:
«Փակ սահմանը, առաջին հերթին, քաղաքական և տնտեսական խնդիր է, որից տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանը»,- ասել է Սարգսյանը:
Նախագահի կարծիքով` փակ սահմանը, սակայն, չի նշանակում, որ պետք է հանձնվել կամ հայտարարել, որ Հայաստանը լավ ապագա չունի:
«Մեր գործարարներն արդեն իսկ հարմարվել են ստեղծված պայմաններին: Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Հայաստանում թուրքական ապրանքներ չկան և հակառակը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Բիզնեսը բիզնես է և գիտի զարգացման բոլոր ուղիները»,- ասել է նախագահը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ բանակցությունների սկզբում հարաբերություններն այնպես էին զարգանում, որ թվում էր` սահմանի բացումը հաշված օրերի հարց է, սակայն արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան սկսեց հետ քայլեր անել և չվավերացրեց դրանք խորհրդարանում: