Հայ Ազգային Կոնգրեսը երեկ հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել Youtube-ում տեղադրված հայտնի բանակային հոլովակին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ի հեճուկս պաշտպանության նախարարության ու նրա նախարարի հայտարարություններին՝ թե անհնար է բացահայտել բանակում տիրող խայտառակ բարքերից մի դրվագ պատկերող տեսանյութի սադիստ սպային՝ այն բացահայտվեց։ Վարչախումբն ստիպված եղավ նահանջել և վերանայել հրեշավոր հանցագործությունը պարտակելու նախապես կայացրած իր որոշումը, երբ մի կողմից՝ տեխնիկապես անհնար դարձավ այդ տեսանյութի տարածումն արգելափակելը, մյուս կողմից՝ երբ հանդիպեց Հայաստանում ձեւավորված քաղաքացիական հասարակության, լրագրողական աշխարհի, իրավապաշտպանների բուռն հակազդեցությանը եւ գիտակցելով, որ դրա շուրջ ծավալվող հասարակական հուզումը կարող է իր համար վտանգավոր աստիճանի հասնել, ընդհուպ ձախողել առաջիկա զորակոչը։
Հայ Ազգային Կոնգրեսը 13.09.2010 թվակիր իր հայտարարության մեջ արձանագրեց, որ՝ «Այսօրինակ անմարդկային նվաստացման ենթարկված ցանկացած բանական մարդ, առավել եւս 18-19 տարեկան երիտասարդ, կարող է դիմել ե՛ւ ինքնասպանության, ե՛ւ սպանություն, ե՛ւ գերադասել փախուստը հակառակորդի մոտ», ինչպես նաեւ հիշյալ տեսանյութում պատկերվածը գնահատեց որպես «դավաճանության ծանրագույն հանցանք՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը»՝ պահանջելով մեկշաբաթյա ժամկետում դրա բացահայտումը։
Նկատի ունենալով, որ իշխանությունը առաջին ստիպողական քայլն անելուց հետո, իր իսկ նախապես տված սպառնալիքների համաձայն, գործը տանելու է բոլորովին այլ հունով, Կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում եւ պահանջում է.
– Կատարվածը պետք է գնահատել ոչ թե սովորական ծեծ կամ ոչ կանոնակարգային արարք, այլ դավաճանության ծանրագույն հանցանք՝ ուղղված երկրի արտաքին անվտանգությունն ապահովելու կոչված կառույցի՝ բանակի քայքայման ու բարոյալքմանը, և մեղադրանքն ու պատիժը պետք է համահունչ լինի հանցանքին։
– Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների անձեռնմխելիությունը։
– Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել տեսանյութի հեղինակի և տարածողների ազատությունը, անվտանգությունն ու անձեռնմխելիությունը. նրանք իրացրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ հայթայթելու, ստանալու եւ տարածելու իրենց իրավունքը եւ անպարտ են։ Պաշտպանության նախարարությունը պետք է ներողություն խնդրի՝ նախապես նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքների համար։
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում քաղաքացիական հասարակության կառույցներին՝ իրավապաշտպան և այլ կազմակերպություններին, լրատվամիջոցներին ու լրագրողներին՝ ամնօրյա հսկողության տակ պահել այս գործի ընթացքի հետ կապված մանրամասներն ու հանգամանքները և, որպես առաջին լուր, տեղեկացնել հասարակությանը։ Եթե չենք ուզում, որ մեր երեխաները շարունակեն մնալ բռնությունների ու անասնական բարքերի դրսեւորման թիրախ, բանակը նրանց համար կայացման ու ինքնահաստատման հնոցից շարունակի վերծվել ֆիզիկական ու հոգեբանական խեղման կառափնարանի»։