Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագիրն ազդանշան է, որը, հնարավոր է, կօգնի կանխել ղարաբաղյան հակամարտության` ռազմական ճանապարհով լուծումը: Նման կարծիք է հայտնել փորձագետ Կոնստանտին ֆոն Էգերտը:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ռուսաստանը, որքան էլ շահագրգռված լինի երկու երկրների հարաբերությունների բարելավմամբ, ռազմական իրավիճակի դեպքում երկրներից որևէ մեկի կողմից հանդես չի գա:
«Հնարավոր է` հայաստանցի քաղաքական գործիչների համար շատ կարևոր էր, որ Ռուսաստանի նախագահը նման ազդանշան ուղարկեր… Բայց սա հիմնականում փորձ էր սատարել դաշնակից Հայաստանին և ուղղված չէր Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Հարավային Կովկասի տարածքում ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- հայտարարել է Էգերտը:
Փորձագետը խոսել է նաև ղարաբաղյան խնդրի հանդեպ Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին:
«Այսօր Ամերիկան, ինչպես և Ռուսաստանը, պատրաստ չէ կողմերին հակամարտության կարգավորման նոր տարբերակներ առաջարկել, համաձայնության գալ և լուծել խնդիրը: Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգթոնի գլխավոր հույսն այն է, որ իրավիճակը վատ շրջադարձ չստանա»,- նշել է Էգերտը: