Անցած ուրբաթ օրվա տվյալներով 15 երեխաներ, որոնց մայրերը ապրում են ՄԻԱՎ վարակով, ենթարկվել են հետազոտությունների, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք լիովին առողջ են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին գենդերային խնդիրների մասնագետ, «Իրական աշխարհ իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինե Մովսիսյանը խոսել է Հայասատանում ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնդիրների և պահանջվող խնամքի մասին:
«Մեր կազմակերպությունը մեծ ջանքերի գնով հասավ նրան, որ այսօր համագործակցում ենք մի քանի բուժկենտրոնների հետ, ովքեր սպասարկում են մեզ մոտ հաշվառված ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց»,- ասել է նա և հավելել, որ սկզբնական շրջանում շատ դժվար է եղել համագործակցել, քանի որ, երբ բժիշկները տեղեկանում էին, որ իրենց այցելու հղի կինը ՄԻԱՎ-ով է ապրում, հրաժարվում էին սպասարկել:
Քրիստինե Մովսիսյանը նաև անդրադարձել է Հայաստանում մարմնավաճառների, այսպես կոչված, սեքս-աշխատողների խնդրին և նշել, որ այստեղ մարմնավաճառները մարգինալացված վիճակում են գտնվում:
«Երբ նրանք ինչ-ինչ պատճառներով բռնության են ենթարկվում, նրանք չեն կարող դիմել համապատասխան մարմիններին, քանի որ ունեն մերժվածության խնդիր, չբացահայտվելու խնդիր: Ոչ ոք չի ասում, որ մարմնավաճառությունը լավ բան է, բայց այստեղ հարց է առաջանում` մենք քննադատում ենք երևո՞ւյթը, թե՞ մարդկանց: Երբ անցնում ենք այդ սահմանը և սկսում քարկոծել մարդկանց, ընդմիշտ փակում ենք նրանց հետդարձի ճանապարհը»,- նշել է Քրիստինե Մովսիսյանը: