Ո՞րքանով են ապահովված ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց սահմանադրական իրավունքները Հայաստանում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցն է բարձրացրել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ժենյա Մայիլյանը և հավելել, որ այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց դեղամիջոցների, հետազոտությունների խնդիրները լուծում են Գլոբալ Միջազգային կազմակերպությունը, իսկ պետության կողմից ծածկվում են միայն ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը:
«Ի՞նչ տեղի կունենա, եթե այդ միջազգային կազմակերպությունը դադարեցնի ֆինանսավորումը, ի՞նչ վիճակում կհայտնվեն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ»,- հարց է բարձրացրել Ժենյա Մայիլյանը և նշել, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ այժմ չի վարում պետական քաղաքականություն:
Ասուլիսի մասնակիցներից մեկը` Հովհաննես Մադոյանը, ով «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի համանախագահն է, ասել է, որ իրենք մի քանի անգամ դիմել են ՀՀ կառավարությանը և Առողջապահության նախարարությանը, իրենց խոստացել են անպայմանորեն անդրադառնալ տվյալ խնդրին, բայց մինչև հիմա ոչ մի պատասխան չեն ստացել:
«Հավելեմ, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հատկացվող դեղորայքային ծախսերը զրո են, հետազոտություններին հատկացվող գումարները զրո են»,- նշել է Հովհաննես Մադոյանը և նշել, որ այդ մարդիկ ունեն նաև հասարակաության վերաբերմունքի խնդիր և աջակցող միջավայրի խնդիր: