Հայաստանը ներկայացնող Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը փայլուն հանդես եկավ թուրքական Անթալիայում անցկացվող աշխարհի ծանրամարտի առաջնությունում: 77կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանի գլխավոր մրցակիցը աշխարհի չեմպիոն չինացի Լու Քսյաոջունն էր:
Պոկում վարժությունում Մարտիրոսյանը կարողացավ երրորդ մոտեցման ժամանակ 173 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնել: Մրցակիցը մինչ այդ 170 կիլոգրամ էր բարձրացրել, և աշխարհի ռեկորդակիրը որոշեց առաջ անցնել Մարտիրոսյանից, սակայն չկարողացավ բարձրացնել 175 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը նախ չբարձրացրեց 200 կգ, հետո հաղթահարեց այդ քաշը: Սակայն երրորդ փորձի ժամանակ հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 205 կգ, և հաղթանակի համար մնում էր սպասել Չինաստանի ներկայացուցչի փորձին, ով մինչ այդ բարձրացրել էր 200 կգ-ոց ծանրաձողը: Լուն երկրորդ փորձը ձախողեց` չբարձրացնելով 206 կիլոգրամը, ինչը բավական կլիներ չեմպիոնի կոչման համար: Երրորդ փորձի ժամանակ չինացի մարզիկը նույնպես գցեց ծանրաձողը, և Տիգրան Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն` երկամարտում հավաքելով 373 կգ:
Հավելենք, որ նույն քաշային կարգում հանդես եկող հայաստանցի Գևորգ Դավթյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել 163 կգ-ոց ծանրաձողը և դուրս մնաց պայաքարից: