ԱՄՆ պատվիրակության և Եվրամիության բոլոր երկրների ներկայացուցիչները լքել են ՄԱԿ-ի 65-րդ Գլխավոր վեհաժողովի նիստը` իրենց բողոքն արտահայտելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ արված հայտարարությունների դեմ:
Իրանի նախագահն իր ելույթում հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետևում, հնարավոր է, կանգնած են հենց ԱՄՆ իշխանությունները, ովքեր մտադրություն են ունեցել պաշտպանել Իսրայելը:
Իրանի առաջնորդի խոսքով` «ամերիկյան բնակչության մեծ մասը, ինչպես և աշխարհի բնակչության մեծամասնությունը», կիսում են այն կարծիքը, որ սեպետմբերի 11-ի դեպքերը կազմակերպել էին ԱՄՆ իշխանության որոշ օղակներ, որպեսզի «կանգնեցնեն ամերիկյան տնտեսության անկումն ու մեծացնեն ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
Ահմադինեժադը կոչ է արել 2011 թվականը հռչակել միջուկային զինաթափման տարի, ընդ որում, նրա խոսքով, չպետք է «միջուկային էներգիան շփոթել միջուկային ռումբերի հետ», հաղորդում է BBC-ն: