Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը նիստ է հրավիրել և որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին:
«Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվեց Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի գործելաոճը, որի վերաբերյալ որոշվեց անվստահություն հայտնել վերջինիս` հիմք ընդունելով հետեւյալ պատճառները. Էթիկայի կանոնների խախտում, իրավասությունների գերազանցում, ապատեղեկատվության տարածում, հաշվետվողականության սկզբունքների խախտում», – ասված է հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում:
Որոշվել է նաև ժամանակավորապես ստեղծել Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոն եւ համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար ընտրել համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին:
Ազգային պլատֆորմի կազմից դուրս է եկել նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Այս ծրագրով Հայաստանի հասարակական սեկտորը զգալի դրամաշնորհներ է ստանալու երկրում եվրոպական արժեքներ արմատավորելու համար:
«Կոնֆլիկտը իմ և համակարգող խորհրդի մի շարք անդամների միջև ծագեց այնտեղից, որ նրանից մի քանիսը չէին ընտրվել Քաղաքացիական հասարակության ֆորումի բեռլինյան հանդիպմանը, որը պետք է կայանա նոյեմբերին, և այդ կոնֆլիկտը, ի վերջո, մի շարք վեճերից հետո, որպես արդյունք` ստացավ իմ հրաժարականը համակարգող խորհրդի անդամությունից», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բորիս Նավասարդյանը, ով ներկայումս բացակայում է Հայաստանից:
«Բոլոր մեղադրանքները ես համարում եմ անհիմն և համապատասխան հայտարարությամբ Երևան վերադառնալուս պես հանդես կգամ», – նշել է նա` հավելելով. «Ցավոք, կան մարդիկ, որոնք համարում են, որ այդպիսի ճանապարհներով կարող են հարցեր լուծել եւ գնալ տարբեր ֆորումների` առանց բավարար հիմքեր ունենալու` իրենց այդ անփոխարինելությունը գիտակցելու»:
Հարցին, մասնակցե՞լ է արդյոք համակարգող խորհրդի տվյալ նիստին եւ իր փաստարկները ներկայացրե՞լ է, Նավասարդյանը արձագանքեց. «Մինչ այդ ես ներկայացրել էի համակարգող խորհրդին ամբողջ գործընթացը` ինչպես էին ընտրվում ֆորումի հանդիպման մասնակիցները, եւ ինձ թվում է` 100 տոկոս համոզիչ եւ սպառիչ էր իմ բացատրությունը: Այնուհետեւ, երբ համակարգող խորհրդի նիստի համար առաջարկվեց օրակարգ` գործելաոճի քննարկում, էթիկայի խախտում եւ այլն, ես չշարունակեցի մասնակցել այդ կարգի քննարկումներին, քանի որ գտնում եմ, որ այդպես նաեւ խախտել է համակարգող խորհուրդը իր իրավասությունները»:
«Ազգային համակարգողը ֆորմալ առումով հաշվետու չէ Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի», – պարզաբանեց Բորիս Նավասարդյանը և հավելեց. – «Դա բոլորը գիտակցում են, բայց, ցավոք, շարունակում էին պնդել, որ այդ կարգի քննարկում պետք է լինի»:
«Ես, իհարկե, պարտավոր եմ ամբողջ տեղեկությունները տալ` ինչպես է անցել ընտրությունը, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, առավել եւս` Ազգային պլատֆորմին եւ իր համակարգող խորհրդին, եւ այդ բացատրությունը ես տվել եմ: Բայց հաշվետու լինել` ֆորմալ առումով, ես չեմ կարող, և դա համակարգող խորհրդի լիազորությունների կոպիտ խախտում է և գերազանցում», – ասել է նա` համոզմունք հայտնելով, որ այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արևելյան գործընկերության ծրագրի վրա:
«Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելը կապված է բեռլինյան ֆորումին մասնակցող կազմակերպությունների ընտրության հետ:
«Հիմնական պատճառը եղել է այն, որ լինելով Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչը ընդհանուր եվրոպական քաղաքացիական հասարակության ֆորումում` Բորիս Նավասարդյանը չկարողացավ ներկայացնել մեր դիրքորոշումները», – ասել է Ենգիբարյանը: