Ուտոպիանա կազմակերպությունը, իր «Աշխատանք» թեմայի շուրջ ծավալվող տարեկան նախագծի շրջանակներում հայտարարել է հանդիպումների, քննարկումների, շարք, նպատակ ունենալով սկիզբ դնել թեմայի շուրջ հետազոտությունների ու նոր նախագծերի ձևավորմանը:
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ անհատների միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները արտացոլում են տվյալ հասարակության մշակույթը, պատմությունը, արժեքները և դրանց միջև փոխանակման կառուցվածքները: Արդյունաբերականացման ժամանակաշրջանից սկսած մինչև այսօր մարդու գործունեության հիմնական դաշտը իմաստավորվել է աշխատանք հասկացությամբ` հանդիսանալով հավաքական և հասարակական կյանքում հիմնավոր վերափոխումների, «մի այլը» դառնալու վեկտորն ու պայմանը:
««Մեծ վերափոխումներն» ու «մեծ ճգնաժամերը», որ դարձել են մեր առօրյա կյանքի գերներկան, բնորոշում են այն հոդախախտումները, որ դժվարեցնում են հասկանալ դուալիզմի վրա հենված կապիտալ-աշխատանք, տնտեսություն և քաղաքականություն դրվածքների կազմակերպվելու և վերլուծության ենթարկելու ձևերը: Փաստն այն է, որ մարդուն գերիշխում է իր իսկ արտադրանքը, կամ, այլ կերպ ասած, ողջ լիբիդոն ներդրված է աշխատանքի մեջ: Եթե այս հարցերին փորձենք նայել, «ոչ շուկայական» արվեստի բնագավառից: Արվեստը, իր բնույթով շահույթ չհետապնդելով հանդերձ, այնուամենայնիվ շուկայի մաս է կազմում, չնայած որ նրա գլխավոր ապրանքային արժեքը հենց այդ շուկայական չլինելու էությունն է. մի բան, որ սահմանափակում է արվեստագետի ինքնարտահայտման ազատությունը և ընձեռում դեռևս այն զանցելու քննադատական կեցվածք կամ չափողականություն»,- նշված է ցուցահանդեսին նվիրված հաղորդագրության մեջ:
Նախագծի շրջանակներում Ուտոպիանա կազմակերպությունը սեպտեմբերի 25-ին և 26-ին, ժամ 15:00-ից սկսած հրավիրում է Մոսկվայի տուն՝ մասնակցելու թեմայի շրջանակներում ցուցադրությունների, հանդիպումների ու քննարկումների շարքին: