Home / Армения / Լավ է հոգեկան հիվանդ համարեն, քան բռնության ենթարկեն բանակում. զեկույց

Լավ է հոգեկան հիվանդ համարեն, քան բռնության ենթարկեն բանակում. զեկույց

Այսօր տեղի է ունեցել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի «ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց խնդիրներն ու դրանք վերացնելու հնարավոր ուղիները» թեմայով քննարկումը:

Քննարկումն իր խոսքով բացել է Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Սառա Խոջոյանը և ներկայացրել կազմակերպության գործունեությունը:

Այնուհետև «Հասարակական տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ-ի հետազոտությունները ներկայացրել է այդ կազմակերպության ներկայացուցիչ Մամիկոն Հովսեփյանը: Հետազոտությունը միտված էր պարզելու, թե որքանով է Հայասատանի Հանրապետության օրենքը կարգավորում ԼԳԲՏ համայնքի իրավունքները:

Հովսեփյանը նշել է, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ խտրականություն կա կյանքի բոլոր բնագավառներում` դպրոցում, աշխատանքի վայրում, բուժկենտրոններում, այլուր: Նրա խոսքով` խտրականությունն առկա է նաև լրատվության մեջ, որտեղ ծաղրում, քննադատում են ԼԳԲՏ համայնքի մարդկանց:

PINK Armenia կազմակերպության ներկայացուցիչն անդրադարձել է նաև հայկական բանակում բռնության և բռնաբարության դեպքերին, որոնց առնչվել են միասեռական տղամարդիկ: Նա նշել է, որ չնայած 1990 թ.-ից սկսած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միասեռականությունն իր ցուցակից հանել է որպես հոգեկան հիվանդություն, Հովսեփյանի խոսքերով, Հայաստանը չի հետևում ԱՀԿ-ին և դեռևս պիտակավորում է տրանսսեքսուալներին և նրանց համարում հոգեկան հիվանդներ:

Հովսեփյանը ներկայացրել է, որ հետազոտության ընթացքում հարցման մասնակիցները նշել են, որ ավելի լավ է իրենց պիտակավորեն` հոգեկան հիվանդ անվանելով, քան բռնության զոհ դառնան բանակում: