«Փոքր խորհրդի» հերթական հանդիպումը կայացել է ՀԱԿ- հանրահավաքից հետո, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրահավաքը և Հայ Ազգային Կոնգրեսի վարած քաղաքականությունը: Հիշեցնենք, որ «Փոքր խորհրդի» գործունեության նպատակն է ինտենսիվ քննարկումների մթնոլորտում մշակել արդի, հետինդուստրիալ հասարակությանը հարազատ գաղափարական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական մոտեցումներ, անմիջապես նեռարել ՀԱԿ-ի տեսական և գործնական աշխատանքների մեջ հասարակության այն զանգվածը, որ հարում է ռադիկալ-ազատական գաղափարներին և չի կապում արդի քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում արտաքին գործոնների հետ:
Epress.am-ի հետ զրույցում խորհրդի անդամ, թատերագետ Արա Նեդոլյանը ներկայացրել է խորհրդի վերջին հանդիպման ժամանակ հնչած կարծիքները` կապված ՀԱԿ-ի վարած քաղաքականության հետ:
«Ես ինքս կարծում եմ, որ հանրահավաքային քաղաքականությունը ճիշտ է և արդարացված: Նման ձևով քաղաքական գործիչները բաց ներկայանում են ժողովրդին»,- ասել է Արա Նեդոլյանը: Նա ասել է նաև, որ ընդհանուր առմամբ խորհդի բոլոր անդամներն էլ կողմ են այդ տեսակետին:
«Սակայն Կոնգրեսը պետք է զարգացնի նաև մասնակցային քաղաքականությունը, որպեսզի քաղաքացին կարողանա իշխանանալ հենց ՀԱԿ-ի ներսում: Հենց դա է իշխանափոխության հասնելու ճանապարհը»,- պատմել է Արա Նեդոլյանը, և որպես օրինակ ներկայացրել ժամանակին «Ղարաբաղ» Կոմիտեի վարած մասնակցային քաղաքակնությունը, երբ ամեն մի անհատ տարբեր շրջանակներում իշխանացվել է, որից հետո իշխանության բարձրագույն լծակներով հնարավոր է դարձել իշխանափոխություն իրականացնել.
«Իշխանափոխության տրամաբանությունը հենց դա է», – հավելել է Արա Նեդոլյանը:
«Փոքր խորհրդի» հերթական հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով, Արա Նեդոլյանի խոսքերով, հակադրվել է իրենց կարծիքին: Մասնավորապես, Լևոն Զուրաբյանը ասել է, որ «Ղարաբաղ» կոմիտեին հաջողվել է նման քաղաքականություն վարել, քանի որ այն ժամանակ միկրոմակարդակով չեն ահաբեկել մարդկանց, անհատական վերաբերմունք չի եղել, ինչը առկա է այժմ, երբ հետապնդում են, օրինակ, Կոնգրեսի անդամ երիտասարդներին: