Հայաստանում տրանսսեքսուալ կանայք և տղամարդիկ չունեն ոչ մի սահմանադրական իրավունք, և չկան համապատասխան միջոցներ նրանց բժշկական խնամքի համար: Այս մասին այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի կազմակերպած լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր անձանց խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ խոսել է լրագրող, գրող Լուսինե Վայաչյանը: Նա ըդգծել է, որ տրանսսեքսուալները պետք է գնան արտերկիր: Լրագրողը նշել է, որ արտերկրում վիրահատվելու դեպքում նրանք այլևս կարող են մոռանալ Հայաստան վերադառնալու մասին, քանի որ «այստեղ նրանք ոչ ոք են, ոչ իրենց նախկին սեռին պատկանող մարդիկ են, ոչ էլ` նոր սեռին»:
Վայաչյանն ասել է նաև, որ Հայաստանում բժիշկները չգիտեն կամ չեն ցանկանում իմանալ` «որն է տարբերությունը տրանսսեքսուալ մարդկանց և հերմաֆրոդիտների»:
Լրագրողն իր ընկերներից մեկի` Նորայրի օրինակն է բերել, ով ցանկանում է փոխել սեռը` դառնալ տղամարդ:
Նա գնացել է բժիշկ-էնդոկրինոլոգի մոտ. հետազոտություներից հետո բժիշկը խորհուրդ է տվել նրան գնալ հոգեբանի մոտ «բուժվելու»:
Երբ Նորայրը ասել է, որ տրանսսեքսուալ լինելը այժմ հոգեկան հիվանդություն չի համարվում և ինքը կարիք չունի «բուժվելու», էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել նրան մեկնել Ռուսաստան:
Վայաչյանը մեջբերել է Նորայրի խոսքերը, ով նշել է, որ Հայաստանում երբեք «չի հանդիպել ինչ-որ բժշկի, ով գիտի, թե ինչ է տրանսսեքսուալիզմը»: