Ադրբեջանի և ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի և Բարաք Օբամայի հանդիպումը փոխհատուցում է նրա համար, որ «հզոր միջուկային տերություն համարվող» Հայաստանը մասնակցել է Միացյալ Նահանգներում անցկացված միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին, որին չի մասնակցել Ադրբեջանը: Նման կարծիքով այսօրվա մամուլի ասուլիսին հանդես է եկել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքերով` ստացված տեղեկություններից երևում է, որ Ալիևի հետ զրույցում Օբաման խոսել է Մինսկի խմբի մասին` նշելով, որ տեսնում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների հետագա ընթացքը հենց ՄԽ ձևաչափում:
«Չեմ կարծում, թե Ալիևի ելույթը հետաքրքիր էր, քանի որ այն սպասելի էր»,- նշել է Իսկանդարյանը: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի խոսքերին` քաղաքագետը կարևորել է այն հանգամանքը, որ Օբաման բացել է ադրբեջանցի բլոգերների և մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության թեման:
«Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների վերաբերմունքն այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում»,- եզրափակել է Ալեքսանդր Իսկանդարյանը: