Երեկ երեկոյան` ԱՊՀ երիտասարդական նվագախմբի համերգից հետո Մաշտոց և Սայաթ-Նովա փողոցների հատման հատվածը փակ էր անցորդների համար: Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից դուրս էր գալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի հետևից, արագ-արագ քայլերով, ժպտալով և նախագահի հետ երբեմն խոսելով` քայլում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը նրա հարցերին հիմնականում պատասխանում էր առանց շրջվելու:
Նախագահից և մշակույթի նախարարից հետո Օպերայի և բալետի շենքից դուրս եկավ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և նրա նախկին գործընկեր Արմեն Սմբատյանը: Նրանց ուղեկցում էին ազգային անվտանգության ծառայողները:
Epress.am-ի լրագրողին թույլ չտվեցին մոտենալ դեսպանին:
-Փոլադ Բյուլբյուլովիչ,- դիմեց նրան լրագրողը, սակայն դիվանագետը չարձագանքեց:
-Պարոն Բյուլբյուլօղլու,- շարունակում էր փորձեր կատարել լրագրողը `չնայած թիկնազորի նախազգուշացումներին:
-Պոլադ մուալլիմ:
Դեսպանին այսպես դիմեց լրագրողը, ինչից հետո Բյուլբյուլօղլին, ի վերջո, շրջվեց:
-Դուք առանց ավտոմատի՞ եք,- հարցն ուղղեց լրագրողը:
-Այս անգամ չեմ պատրաստվում Ղարաբաղ գնալ,- ժպտալով պատասխանեց ադրբեջանցի դիվանագետը:
Երկխոսությունից հետո թիկնապահները հեռու տարան լրագրողին:
Հիշեցնենք, որ նրանից հետո, երբ անցյալ տարի «սեփական խաղարարար նախաձեռնությամբ» Երևան, Բաքու և Ղարաբաղ էին մեկնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները` Ռուսաստանի Դաշնությունում այդ երկրների դեսպանների գլխավորությամբ, Բյուլբյուլօղլուն հայտարարել էր, որ հաջորդ անգամ Ղարաբաղ «կալաշնիկով» ավտոմատով է գալու:
Նշենք նաև, որ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ԱՊՀ հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ղեկավարն է, ում շնորհիվ էլ կազմակերպվել էր նվագախմբի հյուրախաղերը: Բյուլբյուլօղլուն МФГС կառավարման ղեկավարն է:
Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ԱՊՀ երիտասարդական նվագախումբը Բաքվից Երևան էր ժամանել ուղիղ չվերթով: