Home / Հայաստան / Եթե 2010 թվականին առաջընթաց չարձանագրվի, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները կմեռնեն

Եթե 2010 թվականին առաջընթաց չարձանագրվի, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները կմեռնեն

Եթե մինչև 2010 թվականի ավարտը շոշափելի առաջընթաց չարձանագրվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, կարելի է համարել, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մեռնում են: Այս մասին «Ժամանակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Նա նշել է, որ եթե կարգավորման գործընթացը դրական արդյունք չտա մինչև 2010 թվականի ավարտը, կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը ավելի կհաճախակիանան:

Հարցազրույցի ընթացքում Ֆրեյզերը նաև անդրադարձել է ազատագրված յոթ շրջանների խնդրին` նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ում քննարկվող և բանակցությունների թեմա հանդիսանցող որևէ հարց չկա, որ կողմերի հետ քննարկման հարց չլինի:

«Գրավյալ յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ես չեմ կարող ասել այժմ քննարկվո՞ւմ է արդոք Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը, կամ որոշ շրջաններ ավելի շուտ կվերադարձվե՞ն, քան մյուսները, հետևաբար ամեն ինչ շատ հստակ է` այժմ այդ տարածքները գտնվում են օկուպացիայի տակ և դրանց կարգավիճակի փոփոխությունները նշանակում է վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ», – հայտարարել է Ֆրեյզերը:
Նա նաև անդրադարձել է Ռոբերտ Բրադտկեի վերջին հարցազրույցին, որում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը խոսել է «նոր գաղափարների» մասին, որոնք ներկայացվել են կողմերին:

«Այս պահին շատ դժվար է ենթադրել, թե ինչ է նկատի ունեցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: Հիմնարար սկզբունքները, մեծ հաշվով, նույնն են մնացել 2005 թվականից ի վեր, հետևաբար պարոն Բրադկեն շատ աննշան փոփոխությունների շուրջ կարող էր ակնարկած լինել, ուստի չեմ կարծում, որ արմատական փոփոխությունների մասին դատողություն կարող է եղած լինել», – ասել է Ֆրեյզերը: