Սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար, հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ):
ՀՀ պաշտպանության նախարարությունը այլ մանրամասներ չի հաղորդում:
Վերջին երկու ամսում նման միջադեպերը հայկական բանակում շարունակական բնույթ են ստացել, և, չնայած բարձրաստիճան պաշտոնյաների` իրավիճակը շտկելու խոստումներին, իրավիճակը բանակում էլ ավելի է վատթարացել:
Նշենք, որ վերջին շրջանում առաջին աղմկահարույց դեպքը գրանցվեց հուլիսին, երբ Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում մահացել էր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Համաձայն քննչական մարմինների նախնական վարկածի` Արտակ Նազարյանը ինքնասպանություն էր գործել, սակայն նրա հարազատները մամուլում կտրականապես հերքել էին այդ վարկածը` նշելով, որ տվյալ դեպքում դաժան սպանություն էր տեղի ունեցել:
Հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը Մարտունու շրջանի զորամասերից մեկում հրազենով սպանել էր 5 զինծառայողի և ինքնասպան եղել:
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում օգոստոսի 17-ին նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1984թ. ծնված Հարություն Յուրիկի Վարդանյանը հրազենային երկու կրակոց էր արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող 1966թ. ծնված Արսեն Երվանդի Չոբանյանի կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է:
Սեպտեմբերի 8-ին Վայքի զորամասում ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող Արթուր Հակոբյանը: Համաձայն ՊՆ հաղորդագրության` առավոտյան 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում: