Home / Հայաստան / Գարեգին Բ-ն Սերժ Սարգսյանին է փոխանցել Իբրահիմովի դին Ադրբեջանին վերադարձնելու խնդրանքը

Գարեգին Բ-ն Սերժ Սարգսյանին է փոխանցել Իբրահիմովի դին Ադրբեջանին վերադարձնելու խնդրանքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդագրություն է տարածել ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի մարմնի վերադարձի հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

Հաղորդագրության մեջ ասված է.

«Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը՝ միջնորդելու ՀՀ իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ.Իբրահիմովի դին:

Խնդրի առնչությամբ Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խնդրանքը:

Քննարկման արդյունքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Ռուսաց պատրիարքին՝ փոխանցելով, թե հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել և «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, մինչ Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլև հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը ևս պատրաստակամություն ցուցաբերի՝ վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»: