Իրանը շրջափակված է Ամերիկայի և Աֆղանստանի զորքերով, այդ պատճառով էլ ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ` մեկասացումը հաղթահարելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Ռազմավարական ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Իրանի նախագահի` ՄԱԿ-ի 65-րդ վեհաժողովին ունեցած ելույթին, որտեղ վերջինս խոսել էր պատերազմի վտանգի մասին:
Օբամայի վարչակազմը, Կիրակոսյանի խոսքերով, ցանկանում է երկոսության գնալ Իրանի հետ. «Խնդիրը նրանում է, որ Իրանն ունեցավ իր մարտի 1-ը, նույնիսկ ավելի լուրջ»: Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մասնագետն անվանեց «չհայտարարված պատերազմ»:
«Իրանում կարող է ոչ պաշտոնական պատերազմ սկսվել ոչ միայն այս քաղաքական հողի վրա: Կարելի է ասել, որ Իրանի դեմ գաղտնի պատերազմ է տարվում Արևմուտքի կողմից», – նշեց Կիրակոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն ունի ռազմավարական ներուժ և որը կարող է միջնորդ լինել Իրանի և Արևմուտքի միջև:
«Նախագահ Սերժ Սարգսյանն իր` հունիսին Գերմանիայում հնչեցրած ելույթում ևս խոսեց այն մասին, որ Իրանը վտանգված է: Նա ընդգծեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շատ կարևոր են», – հիշեցրեց Կիրակոսյանը և կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը գիտակցում է իր կարողությունը համագործակցել Իրանի հետ:
«Դատելով Իրանի ցանկություններից տարածաշրջանում` այն չունի հնարավորություններ ավելի ակտիվ դեր խաղալ, բայց այն կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա», – փաստեց Կիրակոսյանը: Այս տեսանկյունից Իրանի` միջուկային զենք ունենալը լուրջ հարց է Հայաստանի համար:
«Ոչ միայն նրա համար, որ Իրանը շատ մոտ է, այլ նրա համար, որ եթե Իրանն իսկապես պիտի ունենա այդտեսակ զենք, դրսից եկող հնարավոր ռեակցիան Իրանի դեմ նույնպես վտանգավոր է Հայաստանի համար»: