Home / Армения / ՕԵԿ-ին և «Ժառանգությանը» չի հետաքրքրում «անհայտ տեսաբանի» կարծիքը

ՕԵԿ-ին և «Ժառանգությանը» չի հետաքրքրում «անհայտ տեսաբանի» կարծիքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, PR ընկերության նախագահ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունում մնացել է երեք քաղաքական միավոր` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ. այլ կուսակցություններ գոյություն չունեն: Չկա ոչ ՕԵԿ, ոչ էլ «Ժառանգություն»:

Epress.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ վերոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

«Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանը չցանկացավ մեկնաբանել «նման անհեթեթությունները», այն էլ` «հանրությանը և ինձ անհայտ մեկի հայտարարությունները»:

Նույն կարծիքը Epress.am-ի հետ հեռախոսազրույցում արտահայտեց ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

«Ով է Արմեն Բադալյանը: Ես, լինելով լրատվության ասպարեզում 15 տարի, չեմ ճանաչում ոմն Արմեն Բադալյանի», – ասել է Աբրահամյանը:

«Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման կերպ արտահայտվել մի քաղաքական ուժի մասին, որին ճանաչում են ինչպես սփյուռքում, այնպես էլ ամբողջ աշխարհում», – ասել է նա:

Նշելով, որ «Օրինաց երկիրը» «ռեալ քաղաքական ուժ է», կոալիցիայի գործընկեր-կուսակցություններից մեկը, որը մեծ ներդրում ունի քաղաքականության մեջ, ՕԵԿ-ի մամուլի խոսնակն ասաց, որ Բադալյանը տառապում է քաղաքական կարճատեսությամբ. «մարդ, որը ճանաչում չունի, փորձում է զազրախոսել մի կուսակցության մասին, որը մեծ ներդրում ունի պետության կայացման մեջ»:

«Ամեն օր նոր տեսաբաններ են հայտնվում: Ես երբևէ անծանոթ մեկնաբանի կարծիքը չեմ մեկնաբանում, փորձում եմ հակադարձել: Եթե հմուտ քաղաքական մեկնաբան լիներ, այդպիսի կարծիք չէր արտահայտի», – եզրափակեց Սուսաննա Աբրահամյանը: