2020 թվականին Հայաստանում անտառ այլևս չի լինի: Այս եզրահանգնման են եկել ամերիկացի բնապահպանները` տիեզեքրից ուղարկված տվյալները հիմք ընդունելով:
Այս տեղեկատվությունը հաղորդել են ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու «Հազարաշեն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջին շրջանում նրանք ուսումնասիրել են անտառամերձ շրջանների մարդկանց հարաբերություններն անտառի հետ:
Սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին Խառատյանը նշել է, որ իրենք հիմնականում կենտրոնացել են 8 բնակավայրերի վրա` Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Բոլոր բնակավայրերում էլ մարդիկ օգտվում են անտառից:
Ազգագրագետն ասել է, որ անտառում վառելափայտ կա` դրանք ուրիշի կողմից հատված ծառերի մնացորդներն են և սանիտարական հատման ենթակա ծառերը, բայց մարդիկ չգիտեն անտառից ճիշտ օգտվելու ձևերը և ամեն ինչ նորից բերում, հանգեցնում է անտառահատման:
Նրան ավելի շատ մտահոգել է ոչ թե այս տեսակ անտառահատումները, այլ այն հատումները, որոնք արվում են բիզնեսի նպատակով: Սկզբունքորեն Խառատյանը դեմ չէ, որ հատումները կարող են տեղի ունենալ նաև բիզնեսի նպատակով, բայց դա պետք է անտառի կառավարման հատուկ ծրագրով արվի, պետական վերահսկողություն լինի և արվի սրտացավորեն: Այն, ինչ տեսել ու արձանագրել են իրենց ուսումնասիրությունների ժամանակ, անհամեմատելի է եղել սովորական բնակչի հատած ծառերի քանակի հետ: Բիզնեսի համար հսկայական քանակով են հատվում ծառերը և հատվում են ամենաընտիրները, նշում է Խառատյանը:
Ասուլիսի այլ մասնակից «Էկոլուր» Հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը զարմանք և անհանգստություն հայտնեց պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների մեծ տարբերության վերաբերյալ:
«Հայանտառի» հրապարակած տվյալներով Հայաստանում այս պահին կա 11.2 տոկոս անտառածածկ տարածք, այսինքն այնքան, ինչքան եղել է 1992թ: Դա նշանակում է, որ անցաց տարիները որևէ կերպ չեն ազդել երկրի անտառածածկ տարածքների տոկոսի վրա:
Զառաֆյանը նշել է, որ անտառահատումների այս պայմաններում մենք պետք է անտառը փրկելու համար կտրուկ քայլերի դիմենք: Բնապահպանները առաջարկում են իշխանություններին մոտ 5 տարի բոլոր անտառներում արգելել որևէ տեսակի հատումները:
Այս առաջարկությունը ներկայացվել է իրավասու պաշտոնյաներին, բայց նրանք, ըստ Զառաֆյանի, իրենց համաձայնությունը չեն տալիս:
«Ասում են, որ դրանով իրենք շատ մեծ խնդիր կառաջացնեն անտառամերձ բնակավայրեւոմ ապրող մարդկանց համար», – ասել է բնապահպանը:
Հարցի լուծումը բնապահպանները տեսնում են այդ տարածքների բնակիչների համար գազի գինը իջեցնելու մեջ: