Սեպտեմբերի 26-ին իսպանահայ համայնքի համար իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության
19-րդ տարեդարձին և Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը:
Ընդունելությանը ներկա են եղել երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում`հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնայից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից:
Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի հրավերով Բարսելոնայից Մադրիդ են ժամանել նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Ատտամյանը, անդամներ Միշել Սաբահը և Ֆրանսուազ Գովդյանը, որոնք օր առաջ Բարսելոնայում ներկա էին գտնվել ՀԲԸՄ հովանավորությամբ և անմիջական օժանդակությամբ բացված «Հայ տան» շնորհանդեսին:
ՀՀ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին քանի տասնյակ մադրիդահայեր` գործարարներ, մշակութային գործիչներ, իրավաբաններ, դասախոսներ, հայազգի ուսանողներ, Հայ երիտասարդների միավորումը, որն ամենայն օժանդակություն է ցուցաբերել դեսպանատան տարածքի ընտրության, վերանորոգման եւ կահավորման հարցերում:
Դեսպանատան օծման արարողությունը կատարել է Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը շնորհավորական խոսք է ասել: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից: