Արևիկ Պետրոսյանի փոխարինումը Սամվել Բալասանյանով չի կարող մեծ խթան լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվացման համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` «սա ընդամենը մի փոքր թուլացում էր ռոբերտքոչարյանական թևի, որովհետև Արևիկ Պետրոսյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի կադրերից մեկը»:
Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իր համար ավելի հաճելի էր ամբիոնում տեսնել գրագետ, կիրթ կնոջ և «հատկապես կնոջ»: Այնուամենայնիվ, պատգամավորի խոսքերով, երկու պարագայում էլ քաղաքական առումով անհամաձայնությունների շարքը շատ մեծ է լինելու:
Խոսելով ԲՀԿ-ի` ընդդիմադիր դաշտ մտնելու մասին` Մարտիրոսյանն ասել է, որ չի պատկերացնում, որ հիմնականում տնտեսական գործունեությամբ շատ հայտնի Գագիկ Ծառուկյանը կարող է հայտնվել ընդդիմադիրի կարգավիճակում.
«Մենք բոլորս տեսել ենք, թե ընդդիմադիր օլիգարխների հետ կապված ինչ պատմություններ կարող են լինել», – նշել է Մարտիրոսյանը` որպես դրա վկայություն բելերով Խաչատուր Սուքիասյանի հետ պատահածը:
Ըստ նրա` ԲՀԿ-ի ներսում, բացի Գագիկ Ծառուկյանից, շատ մեծ թիվ են կազմում տնտեսվարող-սուբյեկտները. «Չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» կլինի այն հզոր քաղաքական ուժը, որը ընդդիմություն կարող է ներկայացնել»:
Իսկ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը Մարտիրոսյանն անվանեց «ձևական հակամարտություն»:
Հարցին, թե արդյոք միտում է նկատվում, որ «Հանրապետական» կուսակցութույնը փորձում է թուլացնել ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ, պատգամավորն պատասխանեց.
«Ի տարբերություն 2007 թվականի, այժմ ձայները խիստ կողմնորոշված են, և ազատ ձայներ շատ քիչ են լինելու, այդ թվում նաև վարչական ռեսուրսին ենթակա ձայները»: Նա կարծում է, որ այսօր պայքար է գնում ընտրակաշառքների ենթակա ձայների համար: