Home / Армения / Երկու անգամ նույն գետը չեմ մտնի. «Ժառանգության» անդամը Տեր-Պետրոսյանի մասին

Երկու անգամ նույն գետը չեմ մտնի. «Ժառանգության» անդամը Տեր-Պետրոսյանի մասին

Համաժողովրդական շարժման բուն նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն էր: Հասարակական շարժման նպատակն այդ պահին Ղարաբաղի հարցի լուծումը չէր: Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է «Ժառանգություն» խբմակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Բացատրելով «Ժառանգության»` Կոնգրեսին սատարելու պատրաստակամությունը` Մարտիրոսյանն ասել է, որ, հնարավոր է, Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխել Ղարաբաղի հանդեպ իր դիրքորոշումը: Սակայն, քանի որ խնդիրն իշխանափոխության մեջ է, «մենք սպասարկեցինք ժողովրդի այդ պահանջը»:

Սատարելու է արդյոք «Ժառանգությունը» Լևոն Տեր-Պետրոսյանին առաջիկա ընտրություններում հարցին Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնում են»:

Սակայն, ըստ նրա, դա իր անձնական կարծիքն է, և այդ հարցը կուսակցությունը չի քննարկել: Իսկ «Ժառանգությունն» ունի նախագահի թեկնածու` ի դեմս Ռաֆֆի Հովհաննիսյանի:

Խոսելով խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ին սատարելու մասին, «Ժառանգություն» խմբակցության անդամը վստահություն հայտնեց, որ «առանձին վերցրած ՀԱԿ-ին սատարելու խնդիր այլևս չի լինի»:

Նրա խոսքերով` Երևանի ավագանու ընտրությունները լավ դաս եղան իր կուսակցության համար: Այնուամենայնիվ, նա չի բացառում և շատ ուրախ կլինի ՀԱԿ-ի հետ համատեղ միասնական ցուցակով ընտրություններին ներկայանալ: