Սմոլենսկի տարածքում ընթացիկ տարվա ապրիլին Ту-154 ինքնաթիռի վթարի բոլոր մանրամասները, կարծես թե, ճշտված են: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով 96 մարդ էր զոհվել, այդ թվում` Լեհաստանի իշխանության ներկայացուցիչներն ու երկրի նախագահ Լեհ Կաչինսկին:
Վարշավան ընդունել է, որ պատահարի մեջ մեղավոր է նաև լեհական կողմը: Այս մասին երեկ հայտարարել է ավիավթարի բացահայտման հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Էդմունդ Կլիխը:
Նրա խոսքով` Ту-154-ի վթարի պատճառ տասնյակ գործոններ կարող էին լինել, այդ թվում` օդաչուների ոչ ճիշտ ուսուցումը, թռիչքի համար ինքնաթիռի անպատրաստ տեխնիկական վիճակն ու անձնակազմի կողմից հաստատված կանոնների չկատարումը: «Մառախուղի պայմաններում վայրէջք կատարելու օդաչուների փորձը հեռատեսական չէր»,- Կլիխի խոսքերն են մեջբերում լեհական ԶԼՄ-երը:
Ту-154-ի ողբերգության մեջ լեհական իշխանության մեղքի մասին ավելի վաղ խոսել էր նաև Լեհաստանի նախագահի նախկին թեկնածու Յարոսլավ Կաչինսկին: Նրա կարծիքով` վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ կառավարությունը որոշել էր տնտեսել ու հրաժարվել է նոր ինքնաթիռ գնել նախագահի համար: