Սեպտեմբերի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին, Արամ Մելքոնյանին եւ Արմեն Մկրտչյանին:
ԱԺ պաշտոնական կայքի հաղորդամաբ` հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ նախագահի առաջարկությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, որի կազմում պետք է ներկայացվի նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց վերոնշյալ խմբի գործունեությունը` օրենքը առավել բարեփոխելու և կատարելագործելու տեսանկյունից: ՀՌԱՀ անդամները բարձրաձայնեցին աշխատանքային և շենքային վատթար պայմանների հարցը, ինչը խոչընդոտում է հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Նշվեց, որ եթե մինչ հեռուստատեսային կապուղու մրցույթի անցկացումը հանձնաժողովի աշխատանքային և շենքային պայմանները չբարելավվեն, ապա նրանք ստիպված պետք է լինեն դիմելու որևէ կազմակերպության` տարածք տրամադրելու խնդրով: Հանձնաժողովի անդամները առաջարկեցին նաև հեռուստաընկերություններին ներկայացվող չափորոշիչները սահմանել օրենքով:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը խոստացավ այցելել, տեղում ծանոթանալ ՀՌԱՀ աշխատանքային պայմաններին: Հանդիպման ավարտին պարոն Դավթյանը նշեց, որ ներկայացված առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին: