Home / Армения / Նոր աշխարհ. Հայաստանը` Ռուսական կայսրության մեջ, Ադրբեջանը` Վայրի Արևելքում

Նոր աշխարհ. Հայաստանը` Ռուսական կայսրության մեջ, Ադրբեջանը` Վայրի Արևելքում

Ժամանակն է հրաժարվել մարդկության ինքնակազմավորման մի շարք պատկերացումներից, որ մենք այսօր ունենք: Ամբողջ աշխարհում ցեղային կապերի վերածնունդը բերում է ավելի բարդ դաշինքների ձևավորմանը: Այնտեղ, որտեղ սահմանները ժամանակին որոշվում էին դիվանագիտությամբ, այսօր որոշվում են պատմությամբ, ռասայական և էթնիկական պատկանելիությամբ: Կարևոր է նաև մշակույթը, որը մարդկությունը բաժանում է նոր, ակտիվ զարգացող խմբերի: Այս մասին «Աշխարհի նոր կարգը» հոդվածում գրում է Կալիֆորնիայի Չեպմենի համալսարանի աշխատակից, գիտության վաստակավոր գործիչ Ջոել Կոտկինը:

Աշխարհի նոր սահմանագծերը սկսել են արտահայտվել սառը պատերազմի ավարտից հետո: Այն քարտեզները, որտեղ կային ԱՄՆ-ի կամ Խորհրդային Միության առանձին տարածքները, հանկարծ անկարևոր դարձան: Վերջին տարիներին «Երրորդ աշխարհ» հասկացությանն են եկել փոխարինելու Չինաստանն ու Հնդկաստանը: Իսկ նոր հայեցակրարգերը, այդ թվում` BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), հերքվում է վերոնշյալ պետությունների մշակույթի և պատմության բացարձակ տարբերության փաստով:
Կոտկինը աշխարհի նոր բաժանում է առաջարկում: Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան նա միավորում է նոր Ռուսական կայսրության մեջ:
Մինչ Չինաստանը հզորանում է, Ռուսաստանը ձգտում է հաստատվել Ուկրաինայում, Վրաստանում և Միջին Ասիայում: Ցարական Ռուսաստանի հին մոդելի նման` նոր կայսրությունը հիմնված է ռուս-սլավոնական ընդհանրության վրա, քանի որ ռուսները 140 միլիոն բնակչության չորս հինգերորդ մասն են կազմում:

Գիտնականն Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանն ու Տաջիկստանը ներառում է Վայրի Արևելքի մեջ: Երկրագնդի այդ հատվածը շարունակում է կռվախնձոր մնալ հակամարտող տարածաշրջանների համար. կռվողների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Ամերիկան:

Իսկ ահա Բահրեյնը, Գազայի հատվածը, Իրանն, Իրաքը, Լիբանանն ու Սիրիան կմիավորվեն Իրանիստանի մեջ: Նավթի մեծ պաշարները, կրթության մակարդակը, տնտեսությունը, թվում է, Իրանին հնարավորություն պիտի ընձեռեին գերտերություն լինել: Բայց քանի որ նրա ազդեցությունը հիմնված է ծայրահեղական գաղափարախոսության վրա, Իրանը հակամարտության մեջ է ոչ միայն արևմուտքի, այլև արաբական պետությունների հետ:  Տնտեսության ոչ ճիշտ ղեկավարումը երկիրը վերածել է լայն կիրառություն ունեցող իրերի, բարձրորակ սարքթավորումների և նավթամթերքի ներմուծողի:

Թուրքիան խորհրդանշում է վերադարձը ցեղային ակունքներին, քանի որ այսօր այն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր արևելյան սահմանին, քան եվրոպականին: Թեև Եվրամիության հետ հարաբերությունները հիմնված են Թուրքիայի տնտեսության վրա, այդ երկիրն արտաքին քաղաքականությունը ուղղել է դեպի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի էթնիկ բարեկամները: Այս պետությունը Նոր Օսմանական կայսրություն կստեղծի, որի մեջ կընդկրկվեն առաջին հերթին Թուրքմենստանն ու Տաջիկստանը: