Հինգշաբթի կամ ուրբաթ Լուվրը կկարգավորի ռուսական «Հակակետ. ժամանակակից ռուսական արվեստ» խորագրով ցուցահանդեսի հետ կապված խնդիրը։ Ցուցահանդեսին ներկայացվող կտավների շարքից ՌԴ Մշակույթի նախարարության որոշմամբ հանվել են նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքները, հաղորդում է РИА Новости-ն։
Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունն արգելել է Տեր-Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ» շարքի 4 նկարների մասնակցությունը ֆրանսիական ցուցահանդեսին։ Փարիզի ցուցահանդեսի համար այս չորս աշխատանքները նախապես ընտրվել էին ցուցահանդեսի համակարգող Մարի-Լոր Բերդանակի կողմից։ Ի պատասխան մշակույթի նախարարության այս քայլի՝ ցուցահանդեսի 8 մասնակիցներ, այդ թվում՝ Վիտալի Կոմարը, Դիանա Մաչուլինան, Յուրի Ալբերտը, Իգոր Մակարևիչը, հրաժարվել են մասնակցել ցուցահանդեսին։
Լուվրը տեղյակ է նկարիչների նման քայլի մասին, բայց առայժմ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Այսուհետ կասկածի տակ է նաև ցուցահանդեսի կայանալու փաստը։
«Մենք հաստատ չգիտենք, բայց այդ հարցը դեռ չի քննարկվում։ Մենք փորձում ենք կարգավորել այդ 4 նկարների հետ առաջացած խնդիրը»,- ասել է Լուվրի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսի կտավները դեռ տեղ չեն հասել, դեռ պատկերասրահում չեն, այնինչ ՌԴ Մշակույթի նախարարությունը հաղորդել էր, թե կտավներն արդեն ուղարկվել են Փարիզ։
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվում է Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում և հանդիսանում է ընթացիկ տարվա գարնանը Լուվրում ցուցադրված «Սուրբ Ռուսաստան» ցուցահանդեսի շարունակությունը։
Մշակույթի նախարարությունում հայտարարել են, որ Տեր-Օհանյանի աշխատանքները որոշել են Փարիզ չուղարկել, քանի որ դրանք «ՌԴ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև ուղղված են միջկրոնական ատելության և թշնամության ձևավորմանը»։
Նշենք, որ Ավդեյ Տեր-Օհանյանը ստիպված է եղել լքել Ռուսաստանի Դաշնությունը և բնակություն հաստատել Չեխիայում 2003 թվականին «Զգույշ, կրոն է» խորագրով ցուցահանդեսին մասնակցելուց հետո։ Ցուցահանդեսը Անդրեյ Սախարովի անվան պատկերասրահում է տեղի ունեցել։ Դեռ այն ժամանակ պատկերասրահի վրա հարձակում էր կատարվել, որի հետևանքով ոչնչացվել էր կտավների մեծ մասը։
2005 թվականին Մոսկվայի դատարանը ցուցահանդեսի կազմակերպիչներին մեղավոր է ճանաչել ազգային և կրոնական թշնամություն սերմանելու մեջ։
Ավելի ուշ Ա. Տոլստովան «Коммерсант» թերթում գրել է. «Պարզվում է, որ գեղանկարչության ամենամոլի սիրահարն ու էսթետը Ավդեյ Տեր-Օհանյանն էր, ով իր «Երիտասարդ անաստվածը» ակցիայով ցնցում է հասարակական կարծիքը։ Իր սկզբնական համարձակ, նեոէքսպրեսիոնիստական վերարտադրություններում նա այնպես է անդրադառնում Ջորջոնեին, Մալևիչին, Կլեոյին, Ուորհոլին ու Մատիսին, որ մի տեսակ անհարմար ես զգում, որ ինչ-որ մեկը ամբողջ ուժով գոռում է իր սիրո մասին։ Երբ նայում ես Դելեկտորսկայայի դիմանկարին, հասկանում ես, թե որքան է սիրել Մատիսը իր քարտուղարուհուն, բայց երբ նայում ես նույն նկարի Տեր-Օհանյանի վերատադրությանը, հասկանում ես, որ գեղանկարչության ինստիտուտից դուրս շպրտված այս մարդը նրան ավելի էր սիրում»: