ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն` հանրապետության սննդի արդյունաբերության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: Հանրապետության ղեկավարը շրջել է «Գրանդ Քենդի»-ի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
Շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ընկերության սեփականատերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գրանդ Քենդի»-ի գործունեության անցած տասը տարվա ընթացքում գրանցված հիմնական ցուցանիշները և ընկերության առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ մոտ երկու հազար է, աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ընկերությունում ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:
Նախագահը հաջողություն է մաղթել ընկերությանը` զարգացման հետագա ծրագրերի իրագործման ընթացքում: