Այսօր Թուրքիայի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Կարսի իշխանությունների որոշումը, համաձայն որի Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին կարող է այցելել Անիի Մայր տաճար, սակայն իրավունք չունի այնտեղ նամազ անցկացնել:
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Ստամբուլից, պաշտոնական Անկարան ոչ մի փաստաթղթով նամազը չի թույլատրել:
Epress.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց «Ագոս» թերթի խմբագիր Արիս Նալջին: Նա նշեց, որ զրուցել է Վանի քաղաքային թանգարանի տնօրենի հետ, ով նույնպես հաստատել է, որ թղթի վրա պաշտոնական թույլտվություն չկա:
«Այն փաստաթղթում, որը հրապարակել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը, նշված է միայն այցելության թույլտվության մասին, և խոսք չկա նամազի մասին», – ասել է Արիս Նալջին:
Սակայն այն ազգայնականները, ովքեր այցելելու են Անիի Մայր տաճար, հայտարարել են, որ իրենք, այնումամենայնիվ, փորձելու են պայմաններ ստեղծել նամազն անցկացնելու համար:
Արիս Նալջիի խոսքով` թեև Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես արգելեցին նամազը, «իրականում իրենք հանդուրժում են ազգայնականների գործողությունները»: