Մի խումբ ամերիկացի և ճապոնացի գիտնականներ եկել են այն եզրահանգման, որ աշխարհի վերջը կգա գալիք 3,7 մլրդ տարիների ընթացքում: Ըստ գիտնականների` նման ելքի հավանականությունը 50% է: Այս տվյալները հրապարակվել են Կորնելի համալսարանի էլեկտրոնային կայքում:
Հետազոտության նախաձեռնողներից մեկը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Ռաֆայել Բուսոն, հայտարարել է, որ տիեզերքի անսահման ընդլայնումը չի կարող անընդհատ շարունակվել: Նրա կարծիքով՝ դա դեմ է ֆիզիկայի կանոններին, ըստ որոնց` անսահմանությունը պետք է սահման ունենա:
«ժամանակը դժվար թե ավարտվի մինչև մեր դարաշրջանի վերջը, սակայն գոյություն ունի 50% հավանականություն, որ հետագա 3.7 մլրդ տարիների ընթացքում այն կավարտվի»,- հայտարարել են գիտնականները` նշելով, սակայն, որ աղետն այնքան արագ տեղի կունենա, որ մարդիկ անգամ չեն հասցնի այն տեսնել ու գիտակցել:
Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտողներ դեմ են այս տեսությանը, իսկ գիտնականներին անվանել են սոփեստներ: