Դերասան Արմեն Ջիգարխանյանը Комсомольская правда թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ երևանյան թատրոններից մեկում:
«Մի նիհարիկ ու համակրելի աղջիկ տեսա, ով մուշտուկով ծխախոտ էր ծխում: Նա երկար մատներ ուներ: Շատ գեղեցիկ էր: Ես միանգամից զգացի, որ նա իմ կինն է: Բայց նա ամուսնացած էր թատրոնի ռեժիսորի հետ, ում մոտ խաղում էի: Ես երբեք չէի համարձակվի նրան մոտենալ, եթե նա առաջինն ինձ հետ չխոսեր ու չասեր, որ վատ տրամադրություն ունի, որ ոչ մի բան իրեն չի ուրախացնում:
«Մի լավ միջոց կա, սիրահարվել է պետք»,- խորհուրդ տվեցի ես: Ժամանակն անցնում էր: Մեր մեջ ինչ-որ բան էր կատարվում, ինչ-որ կախարդական բան` նախազգացումների մակարդակում: Մենք երբեմն հանդիպում էինք: Մի օր նա ասաց ինձ, որ հետևել է իմ խորհրդին և սիրահարվել է: Եվ արագ համբուրելով քիթս` դուրս փախավ սենյակից: Մենք շատ ընդհանուր բաներ ունեինք` սերը թատրոնի նկատմամբ: Մենք երկուսս էլ խելագարի նման կատու էինք սիրում: Հետո մենք միասին Երևանից Մոսկվա փախանք: Կարելի է ասել, որ ես նրան գողացա` ջիգիթի նման: Նա նույնպես ուզում էր դա: Նա արդեն ամուսու հետ չէր»:
– Իսկ որտե՞ղ է հիմա Ձեր կինը: Մենք նրան ընդհանրապես չենք տեսնում:
– Ամերիկայում է: Նրան դուր է գալիս այնտեղ ապրել: Իսկ ինձ այստեղ է դուր գալիս: Ես անգլերեն չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ: Այստեղ է իմ թատրոնը, մասնագիտությունը, հանդիսատեսը: Այստեղ ամեն ինչ հարազատ է: Փոփոխություններ չեմ սիրում: