Լեհական «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին արտասահմանյան դեսպաններին և Եվրախորհրդարանի անդամներին նամակ է հղել, որով ԱՄՆ-ին և Եվրամիությանը նախազգուշացնում է Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին: Այդ նամակից հատվածներ է ներկայացնում Gazeta Wyborcza թերթը:
Իր նամակում Կաչինսկին գրում է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է կանխեն Մոսկվայի փորձերը` ընդլայնելու իր ազդեցության ոլորտները: Նրա կարծիքով` Ռուսաստանը փորձում նաև նվազեցնել Լեհաստանի դերը Եվրոպայում:
«Այս գործողություններն իսկական նվեր են նրանց համար, ովքեր չեն հարգում ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Նվեր է նրանց համար, ովքեր լավ գործարար-դաշնակից են թվում, բայց չեն հարգում արժեքներն ու նորմերը, որոնք գործում են եվրոատլանտյան քաղաքական տարածքում», – գրում է Կաչինսկին: