Հայ Ազգային Կոնգրեսն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով և եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում:
«Անվստահություն հարցը հարուցվել և իրականացվել է այն ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ: Այդ կազմակերպությունները, և մասնավորապես, իշխանական կոալիցիայի բացահայտ աջակցությունը վայելող «Եվրոպական շարժում» կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում իրենց դրսևորել են և հայ հասարակության կողմից ճանաչված են որպես ավազակապետական վարչակարգի ամենաջերմեռանդ սատարողներ:
Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի ձևավորումով Հայաստանի հասարակության շրջանում հույսեր արթնացան, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության նոր փուլը, որի հիմքում պետք է դրվեր Ասոցիացման պայմանագիրը, բեկում կբերի Հայաստանում այդքան պահանջված ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսեցին ձգձգել պայմանագրի շուրջ բանակցությունները, այլև շարունակաբար ձախողեցին իրենց իսկ կողմից Եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Այսօր արդեն ՀՀ իշխանությունները բացահայտ փորձ են անում միջամտել այնպիսի մի կառույցի գործունեությանը, որը կոչված է վերահսկել պայմանագրի բանակցությունների ընթացքն ու Հայաստանի պարտավորությունների կատարումը:
ՀՀ իշխանությունների հովանավորությամբ իրականացվող այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արևելյան գործընկերության ծրագրի և Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության վրա», – նշված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ: