Այսօր Հայաստանում գործող օրենքները դեմ են հայոց լեզվին, համոզված է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ տարեսկզբից մինչև այսօր իր տեսչության աշխատակիցների հետ միասին ալցելել է հանրապետության շուրջ 105 հիմնարկներ և ստուգումներ է անցկացրել:
Խախտումներ շատ են հայտանբերել, բայց մեր օրենսդրությունը կապել է տեսչության ձեռքն ու ոտքը, խախտում արած սուբյեկտն անմիջապես մեջբերում է օրենքների երկվությունը և ջրից չոր է դուրս գալիս:
Սերգո Երիցյանին մնում է միայն համակերպվել իրենց առջև դրված օրենսդրական խոչընտոդների հետ, գոնե ժամանակավոր:
Երիցյանի խոսքով` ինքն իր ղեկավարած կառույցի հետ այսօր աշխատում է 3 ուղղությամբ` ստուգայցեր են անցկացնում, լեզվի հետ կապված պարզաբանումներ անում նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, և ամենակարևորը` օրենսդրական փոփոխություններ են մշակում: Եթե Ազգային ժողովը վավերացնի այս փոփոխությունների նախագիծը, ապա լեզվի հետ կապված խնդիրները մեր երկրում ավելի հեշտ կլուծվեն, համոզված է Երիցյանը:
Նրա համար այս նախագծի ամենակարևոր կետերից մեկն այն է, որ վերջապես, մյուu տեսչությունների պես, Լեզվի տեսչությունը ևս կկարողանա խախտումը հայտնաբերելուն պես անմիջապես տուգանել խախտում կատարողին: Այժմ նրանք հայտնաբերում են խախտումը ու, անմիջապես տուգանելու փոխարեն, ստիպված են գործը հասցնել դատարան:
Սակայն դա էլ չի ենթադրում, որ դիմող կողմը շահել է այդ հայցը: Անցյալ տարի, օրինակ, իրենք դատարան դիմել են 13 անգամ, բայց հօգուտ իրենց դատարանը վճիռ է կայացրել մեկ-երկու անգամ, մյուս բոլոր դեպքերում պատասխանող կողմը կարողացել է համոզել դատարանին, որ իրենք որևէ օրենք չեն խախտել:
Տեսչությունը ստիպված է եղել փոխհատուցել դատական ծախսերը: Երիցյանի հավաստմամբ` տեսչությունը դիմում է դատարան միայն այն դեպքում, երբ համոզված է, որ շահելու է գործը: