Մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը Ռուսական միգրացիոն ծրագրի շրջանակներում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է մեկնել 4808 մարդ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը և պարզաբանել, որ Ռուսաստանի այս ծրագիր հաստատված է Ռուսաստանի վերաբնակեցման մասին օրենքով, որը վերջնական տեսքի է բերվել և ընդունվել հուլիսի սկզբին:
«Մեր մտահոգությունն այն է, որ ռուսական այս ծրագրի միջոցով անհամեմատ մատչելի է դառնում այնտեղ ապրելն ու աշխատելը: Իսկ սա իսկապես ահազանգային է: Ծրագրի շրջանակներում Ռուսաստան մեկնողներին տրամադրվում է տուն, վարկ, քաղաքացիություն, նույնիսկ պատրաստ են տեղափոխության ծախսերը հոգալ: Նրանք, ովքեր գնում են, պատանդի իրավիճակում են հայտնվում, իրավունք չունեն Ռուսաստանից դուրս գալ մինչև չվերադարձնեն պետռությանը իրենց վրա ծախսված գումարները: Այդ մարդկանց տանում են Չիտա և Խաբարովսկ»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը: Նա հավելել է , որ արդեն 5000 մարդ ներառված է ծրագրի մեջ:
«Մոտ 2 մլն. մարդ է մնացել Հայաստանում, պատկերացրեք, եթե նման ծրագրերը, որոնք, ի դեպ, ունեն նաև եվրոպական երկրները, ինչպես օրինակ, Արևելյան գործընկերության ծրագիրը, ինչ վիճակի կհասցնեն երկիրը, այն դեպքում, երբ հայերը համարվում են ամենաարագ ինտեգրվող, հարմարվող ժողովուրդը»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հայտարարել է, որ նման իրավիճակում «Սարդարապատ» շարժումը որոշում է ընդունել արագացնելու իրենց գործունեության ժամանակացույցը և կոչ է անում ժողովրդին առավելագույնս ապրել սարդարապատային տրամադրությամբ:
Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը ասել է լրագրողներին, որ իրենք որոշակի տեղեկատվություն ունեն, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են Ռուսաստանին, որպեսզի տվյալ ծրագիրը հնարավորինս անաղմուկ իրականացվի Սեֆիլյանը տեղեկացրել է նաև, որ վաղվանից սկսվում են ծրագրին նվիրված սեմինարներ ՌԴ դեսպանատանը Հայաստանում: