Այսօր Երևանի քաղաքապետարանն իր որոշումն է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսին` կապված «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի` ս/թ սեպտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկման հետ:
Համաձայն իրազեկման` Կոնգրեսը մտադրություն էր հայտնել 2010թ. հոկտեմբերի 15-ին ժամը 18.00-ից 22.00-ն Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյանի փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնել:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ. Մելքումյանի ներկայցրած փաստաթղթում նշում է հետևյալը.
«Դեռևս 10.06.2010թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, Արամ Թորոսյանի և Անահիտ Մովսիսյանի միջև կնքվել է պայմանագիր` համաձայն որի Երևանի Ազատության հրապարակում երեխաների հանգստի և ժամանցի ապահովման նպատակով կազմակերպվել է մանկական կարուսելների և ատրակցիոնների գործունեություն: Ի կատարումն նշված պայմանագրի հրապարակում տեղադրվել են բազմաթիվկարուսեկներ և ատրակցիոններ, որոնք ապահովում են պայմանագրով սահմանված գործունեության իրականացումը` երեխաների հանգստի և ժամանցի կազմակերպումը: Նշված պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացվում է հիմնականում աշխատանքային ժամերից` ժ.18.00-ից հետո, և կարող է խոչընդոտել այլ միջոցառման անցկացումը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով` նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը»:
Համաձայն տվյալ բացատրության` Երևանի քաղաքապետարանը որոշել է.
«Արգելել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի կողմից 2010թ. հոկտեմբերի 15-ին ժամը 18.00-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման /հանրահավաք/ անցկացումը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթները` քաղաքացիներին խաղաղ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացման պահանջը, առաջարկում եմ ս/թ հոկտեմբերի 15-ին «Հայոց Համազգայի շարժում» կուսակցության կողմից նախատեսվող զանգվածային հրապարակային միջոցառումը` հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին Մատենադարանի հարակից տարածքում»:
Քաղաքապետարանը նաև նշել է, որ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյանի փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթի անցկացումն ընդունել է ի գիտություն: