2003-2005 թվականներին Հայաստանում տեղի ունեցավ «օլիգարխիկ հակահեղափոխություն», որը կարող է բերել երկրի ոչնչացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` երկրի ամբողջ տնտեսությունը բաժանված էր հարուստների միջև, որոնք դիտարկում էին երկիրը իբրև «ֆիրմա»:
«Սարսափելի է, որ այլ մարդիկ նրանց տեղը նույնը կանեին», – ասաց Մանուչարյանը: Նրա խոսքերով` Հայաստանում գոյություն ունի օրենք, համաձայն որի տնտեսությամբ զբաղվող անձը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, սակայն այդ օրենքը, ըստ քաղաքական գործչի, շրջանցվում է:
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ բուհերը, գիտնականներն ու արդյունաբերությունը «հատուկ միջավայր» են, իսկ «Հայաստանում դա նպատակային ոչնչացվում է».
«Նրանք տեսնում են մի գիտական հիմնարկ և մտածում, թե ինչպես կարելի է այդ շենքն օգտագործել»:
Երկրում գոյացած իրավիճակը կարելի է հաղթահարել ապստամբության և տրանսֆորմացիայի հեղափոխության միջոցով: Դա, բացատրեց Մանուչարյանը, մի գործընթաց է, երբ այն իրագործելու համար դրսի ուժերը երկրի ներսում գտնում են որոշակի մարդկանց:
Մանուչարյանը հարց բարձրացրեց` ուզո՞ւմ է արդյոք Հայաստանի հասարակությունն ինքնուրույն անել դա, թե՞ դրսի ուժերի միջոցով` ընդգծելով, որ Հայաստանում մի մեծ զանգված է փոփոխություններ ուզում:
Հարցին, թե ինչ ֆորսմաժորային իրադարձություններ են սպասում Հայաստանին, Մանուչարյանը պատասխանեց. «Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ հնարավոր են ցանկացած փոփոխություններ, ցանկացած պահի»:
Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում Արևմուտքի ազդեցությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանինը, և պետք է հստակ պատկերացնել, որ «մենք ենք մեր ճակատագրի տերը»: