ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, որը շուրջ 1.5 տարի եղել է »Նաիրիտի» տնօրեն, օրերս «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում կոշտ արտահայտություններ է արել «Նաիրիտի» ներկայիս ղեկավարների հասցեին:
Մեր թղթակիցը Շահվերդյանին հարցրել է` կզարմանա՞ արդյոք, եթե իմանա, որ «Նաիրիտի» ներկայիս տնօրենի աշխատավարձը ամսական 9 մլն. դրամ է:
«Ճիշտն ասած` «Նաիրիտում» ստեղծված իրավիճակում, եթե տնօրենը իրեն գրի 9 միլիոն, ապա դա անբարոյականություն է»,- ասսել է Շահվերդյանը: Տնօրեն Մելքոնյանի աշխատավարձի չափի մասին տեղեկությունը ստացել ենք «Նաիրիտի» աշխատակիցներից: «Աշխատավարձերի մասին տեղեկությունները գաղտնի են»,- մեզ հայտնել են «Նաիրիտի» լրատվական բաժնից և չեն հաստատել մեր այն տեղեկությունները, որ օրերս տնօրենի հրամանով երկու փոխտնօրեններ իրենց ծննդյան օրվա առթիվ պարգևատրվել են մեկ ամսվա աշխատավարձի չափով` յուրաքանչյուրը մոտ 3.5 միլիոն դրամ: Նշենք, որ «Նաիրիտի» շարքային աշխատակիցները 3 ամիս չեն ստացել միջինը 50-120 հազար դրամ կազմող իրենց աշխատավարձերը: