Բացի Ռուսատանից և ԱՄՆ-ից, Հարավային Կովկասի տարածաշրջանում փորձելու են ներկա լինել նաև Թուրքիան և Չինաստանը, որոնք փորձելու են գոյատևել այն իրավիճակում, երբ մյուսները դուրս են մղելու միմյանց տարածաշրջանից: Նման կարծիք է հայտնել Ամերիկայում բնակվող քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը` այսօր Երևանում հանդիպելով լրագրողների հետ:
Նա նշել է, որ Հայաստանին այս պարագայում հաշվի չեն առնում: «Սրանք մեծ տղաների ռազբորկաներ են ձեր խաղահրապարակում»:
Զլոբինի խոսքով` այս ուժերը, հատկապես Միացյալ Նահանգները, նորեկներ են Կովկասում, ինչով էլ բացատրվում են նրանց «երեխայական սխալները»:
«Բայց միտումնավոր նրանք վատություն չեն անի, եթե դա չի համապատասխանում ԱՄՆ շահերին»,- նշել է փորձագետը: