Հոկտեմբերի 1-ից 7-ը Երևանի Ազատության հրապարակում գտնվող «Ջազվե» սրճարանում և Խնկո Ապոր գրադարանում անցկացվում է «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի փառատոնը:
Փառատոնի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ժամանակակից մարդ-քաղաքացու մտածողությունը ձևավորելու գործում ընթերցանությունը կունենա իր որոշակի դերն ու նշանակությունը, նշում են փառատոնի կազմակերպիչները:
Այսօր մեկնարկած միջոցառումների շարքում Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրի սաներն անցկացրեցին պատկերապատումների ստեղծման ակցիա:
Այնուհետև Խնկո Ապոր գրադարանի հեքիաթի սենյակում աշակերտների համար հեքիաթ է կարդացել Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը:
Դեսպանն ասել է, որ իր լսարանն իրեն շատ է դուր եկել: Նա նաև իր հիացմունքն է արտահայտել` նշելով, որ աշակերտները լավ տիրապետում են գերմաներեն լեզվին:
«Շատ ծնողներ սկզբում մտահոգություն հայտնեցին, որ երեխաները, հնարավոր է, չհասկանան հեքիաթը, սակայն ես նկատեցի, որ նրանք ոչ միայն հասկացան, այլև վերջում ինձ հարցեր ուղղեցին գերմաներենով», – ասել է Շմիդտը:
Դեսպանը նաև նշել է, որ առաջին անգամ էր հեքիաթ կարդում աշակերտների համար: Տեղեկացնենք նաև, որ հաջորդ օրերին աշակերտների համար հեքիաթներ են կարդալու Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և Չինաստանի դեսպանները:
Օրվա ընթացքում փառատոնի շրջանակներում կանցկացվեն այլ միջոցառումներ ևս: Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա վաղը:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Ակտուալ Արվեստ» մշակութային միությունը, Խնկո-Ապոր անվան գրադարանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: