Home / Հայաստան / ՀԱԿ-ը ժողովրդավարացմանն ուղղված միջոցների կիրառում է պահանջել ԵԽ-ից

ՀԱԿ-ը ժողովրդավարացմանն ուղղված միջոցների կիրառում է պահանջել ԵԽ-ից

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները նամակ են հանձնել Եվրախորհրդի ներկայացուցչին: Նամակը ուղղված է Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդին և ստորագրված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Նամակում ասված է.

«Ն.Գ. Թորբյորն Յագլանդին

Գլխավոր քարտուղար
Եվրոպայի Խորհուրդ

Հարգելի պարոն Յագլանդ,

Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետևանք է 2008 թվականի նախագահական կեղծված ընտրությունների և այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված.

1.    13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական  իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի 1677 /2009/, ինչպես նաևդրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին և պահանջներին:
2.    Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որևէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը:
3.    ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության` հանրահավաքների և ցույցերի ավանդական տեղին` Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, և միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ` այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որևէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից:
4.    2008-2010թթ. ընթացքում բոլոր ընտրությունները.  2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երևանի ավագանու, 2010թ. հուվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են,  զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահաված անձանց և անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետևանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը և մերժվել է սեփական կառավարություն ձևավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության և ԱՄՆ պետական դեպարտամենտի 2009 թվականի մարդու իրավունքների զեկույցում:
5.    Երկրում չի գործում որևէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ Ա1+ հեռուստաընկերությունը:
 
Եվրոպայի Խորհուրդը և նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի և ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, և որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը:  Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը շարունակում է դրսևորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը:

Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը և  նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի Խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման և պաշտպանության գործում, նաև պահանջում  ենք Եվրոպայի Խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչև մոնիտորինգի ռեժիմի խստացում:

Հայ ԱզգայինԿոնգրեսի անունից

Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ»