Մինսկի խումբը, գիտակցելով, որ ի վիճակի չէ լուծել ղարաբաղյան խնդիրը, շատ հմտորեն սառեցնում է այն: Նման կարծիք այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ամերիկյան քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը:
«Նրանց համար բավական է սառեցնել գործընթացը և սառեցնել այնքան ժամանակով, մինչև կարողանան հարցը կարգավորել իրենց օգտին: Առայժմ նրանց բավարարում է այս դիրքորոշումը, երբ հարցը մնում է սառեցված: Առավելագույնը, ինչ նրանք այսօր կարող են անել, պատերազմ թույլ չտալն է»,- նշել է փորձագետը:
Նրա կարծիքով` սառը պատերազմի տարիներին նման բան չէր կարող լինել. «Այն ժամանակ նախագահները կզանգեին միմյանց, կնստեին, իրար շանտաժի կենթարկեին, բայց ի վերջո համաձայնության կգային»:
Այսօր այս իրավիճակը «չի անցնում»:
«Մեծ տերությունների դերը հիմնովին փոխվել է: Նրանք չեն տիրապետում իրենց տարածաշրջանային քաղաքականությանը, չգիտեն` ինչպես գործել: Նրանք մեծ բանակներ, միջուկային զենք, հսկայական տնտեսական ուժ ունեն, բայց դա դահիճի ուժ է, և ոչ թե նյարդային վիրաբույժի: Հարավային Կովկասի նման տարածաշրջանում նրանք ի վիճակի չեն լուրջ վիրահատություն անել: Շատ տերություններ չեն հասկանում, թե ինչ են անում տարածաշրջանում:
Տեսեք, Միացյալ Նահանգները հետխորհրդային տարածքում հայտնվեցին: Եվ ի՞նչ: Ինչո՞ւ: Ի՞նչ դեր ունեն նրանք հետխորհրդային տարածքում: ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ իշխանության է գալիս և ասում է. «Այժմ ես նոր քաղաքականություն եմ վարելու Ռուսաստանի և հետխորհրդային տարածքների նկատմամբ»: Եվ յուրաքանչյուր նախագահ, լքելով իր պաշտոնը, խոստովանում է, որ այդ քաղաքականությունը տապալվել է:
Հարավային Կովկասում իր դերը չի հասկանում նաև Ռուսաստանը, սակայն հեռանալ այստեղից ոչ ոք չի ցանկանում: Հարավային Կովկասն ու Կովկասն ընդհանրապես այն տարածքն է, որտեղ իրեն հարգող յուրաքանչյուր պետություն պիտի ներկա լինի: Ռուսաստանի բախտը բերել է. ի դեմս Հայաստանի նա լավ դաշնակից ունի: Հավատացեք ինձ, ինչքանով ես եմ հասկանում, Մոսկվայում դա շատ լավ գիտակցում են և դրան շատ զգույշ են վերաբերվում: Ռուսաստանի կողմից նման վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ առանց Հայաստանի Հարավային Կովկասում Ռուսաստանը տեղ չունի:
Իհարկե, Մոսկվան արջի քաղաքականություն է վարում, բայց այնպիսի արջի, որը կսիրի, կփայփայի, բայց միայն իր` արջի ձևով: Սա արջ է, ում դուք պետք եք»,- եզրափակել է Զլոբինը: