Home / Հայաստան / Նալբանդյանն ու Սեմնեբին գոհ են համագործակցությունից

Նալբանդյանն ու Սեմնեբին գոհ են համագործակցությունից

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը և դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերը նշեցին, որ Հայաստան–Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել Հայաստան–ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքերով` սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երևանի և Բրյուսելի միջև տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ էին և կարևոր հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաև դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը և դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան–ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:
 
Պիտեր Սեմնեբիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: