Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հաղորդագրություն է տարածաել երեկ Անիի մայր տաճարում տեղի ունեցած նամազի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասված է.
«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին Ազգայնական շարժում կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում:
Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն և հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաև քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետևողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը և հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը:
Ակնհայտ է նաև, որ սույն քայլով Թուրքիան վերստին ի դերև է հանում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման և հարաբերությունների կարգավորման»: