ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
Նոր փոխնախարարի պաշտոնը ստեղծվել է հատուկ ՌՈ նախկին պետի համար և ենթադրում է նրա լիազորությունների ընդլայնում:
Մեր տեղեկություններով` այսուհետ Գասպարյանը համակարգելու է ոչ միայն ՌՈ գործողությունները, այլ նաև քննչական գործառույթները:
Գասպարյանի նշանակումը կարելի է կապել հայկական բանակում վերջին ամիսների ընթացքում տիրող իրավիճակի հետ, որը ոչ մի կերպ չի շտկվում: Համարվում է, որ Գասպարյանի` ուժային կառույցներում աշխատելու փորձը և ոլորտում ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը հնարավորություն կտան «թափ տալ» զինված ուժերը` բարձրացնելով կարգապահությունը բանակում:
Քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է, նախնական տեղեկություններով` Վլադիմիր Գասպարյանին կուղարկեն պահեստազոր` նրան նախապես շնորհելով գեներալ-լեյտենանտի կոչում:
Մեկ այլ հրամանագրով` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Տոնոյանի կարիերայում տեղի ունեցած աննախադեպ թռիչքը կապված է նրա կերպարի չվարկաբեկված լինելու հետ: Տոնոյանը, կրթություն ստանալով Ռուսաստանում և ՆԱՏՕ-ում, լավ կապեր է հաստատել արտասահմանյան ռազմական կառույցների հետ: Այսպիսով, նոր պաշտոնում Տոնոյանը համակարգելու է ոչ միայն պաշտպանական քաղաքականության վարչությունը, այլ նաև արտաքին հարաբերությունները և հասարակայնության հետ կապերի ոլորտը: