Ռուսաստանյան նկարիչների` Լուվրում կայանալիք ցուցահանդեսն այս շաբաթվա սկզբից հայտնվել է ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանյան կողմը որոշել է քայլ ընդառաջ անել հայազագի նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանին, սակայն վերջինս, միևնույնն է, հրաժարվել է մասնակցել ցուցահանդեսին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունն արգելել էր Տեր-Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ. No. 8» շարքի 4 նկարների մասնակցությունը Լուվրի ցուցադրությանը։
Տեր-Օհանյանի չորս աշխատանքներ նախապես ընտրվել էին ցուցահանդեսի համակարգող Մարի-Լոր Բերդանակի կողմից։ Սակայն Մշակույթի նախարարությունում հայտարարել էին, որ չեն ուղարկելու Տեր-Օհանյանի գործերը Փարիզ, քանի որ դրանք «ՌԴ սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև ուղղված են միջկրոնական ատելության և թշնամության ձևավորմանը»։
Ի պատասխան մշակույթի նախարարության այս քայլի՝ ցուցահանդեսի 8 մասնակիցներ, այդ թվում՝ Վիտալի Կոմարը, Դիանա Մաչուլինան, Յուրի Ալբերտը, Իգոր Մակարևիչը, հրաժարվել էին մասնակցել ցուցահանդեսին։
Սկանդալի արդյունքում ռուսաստանցի չինովնիկները ստիպված էին ընդառաջ գնալ և թույլատրել Տեր-Օհանյանի գործերի ցուցադրությունը, սակայն նկարիչը, իր հերթին, հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Լուվրում կամզակերպվող ցուցահնդեսին:
Ավելի վաղ Տեր-Օհանյանը, դիմելով Ռուսաստանի կառավարությանը, պահանջել էր ապահովել արվեստագետ և ռեժիսոր Օլեգ Մավրոմատիի անվտանգությունը, ով գտնվում է Բուլղարիայում: Տեր-Օհանյանը պահանջել էր լուծել Մավրոմատիի անձնագրի հետ կապված խնդիրները, ինչը թույլ կտա արվեստագետին մնալ Բուլղարիայում: ՌԴ իշխանությունները հրաժարվում են երկարաձգել Մավրոմատիի անձնագրի ժամկետը, իսկ Ռուսաստան վերադարձի դեպքում նրան քրեական հետապնդում է սպասվում: Սակայն Տեր-Օհանյանի պահանջին չեն արձագանքել, որից հետո նա որոշել է ինքը բոյկոտել Լուվրի ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 1-ին Տեր-Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել նախկինում ցուցահանդեսին մասնակցելուց հրաժարված նկարիչներին վերահաստատել իրենց որոշումը, եթե Մավրոմատիի հետ կապված խնդիրները լուծում չստանան: